Հուլիսի 23-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից՝ իրականացվող պլանային հրդեհատեխնիկական հետազոտություններին զուգահեռ, Ծաղկաձոր համայնքի Փյունիկ գյուղում գործող «SPark by Pioneer» ճամբարում անցկացվեց իրազեկող և քարոզչական բնույթի հանդիպում-դասընթաց։
Իրազեկման աշխատանքներին ներգրավված էին Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետ Վլադիմիր Վահանյանը, տարածքային բաժնի հրդեհային անվտանգության մասնագետները, ինչպես նաև Ռիսկերի գնահատման և վերլուծությունների վարչության, Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավարներն ու աշխատակիցները։
Դասընթացի ընթացքում մասնակիցներին համապարփակ և առարկայական օրինակներով ներկայացվեցին հրդեհային անվտանգության կանոնների պահպանման պահանջները, անտառային և խոտածածկ տարածքներում հնարավոր հրդեհների առաջացման աղբյուրներն ու դրանց կանխարգելման արդյունավետ մեթոդները։
Մասնագետների կողմից հատուկ անդրադարձ կատարվեց տարածման ռիսկերի նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ քայլերին, արտակարգ իրավիճակներում անձնակազմի և երեխաների ճիշտ գործելակերպին, տարհանման կազմակերպման ձևերին, ինչպես նաև սկզբնական հրդեհաշիջման միջոցների կիրառմանը: Գործնական մասում ճամբարականները ծանոթացան նաև կրակմարիչի անվտանգ օգտագործման կանոններին:
Հանդիպումն անցկացվեց ակտիվ երկխոսության մթնոլորտում և ամփոփվեց հարցուպատասխանի ձևաչափով։ Ճամբարականները հնարավորություն ունեցան ՏՄ աշխատակիցներին ուղղել իրենց հուզող և հետաքրքրող հարցերը, որոնց տրվեցին սպառիչ և մասնագիտական պատասխաններ։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10