ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում սեպտեմբերի 18-ին կայացավ ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը։ Գործակարգավարական խորհրդակցությանը մասնակցեցում էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանը և Սուրեն Մինասյանը, ինչպես նաև կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, մասնագետները։
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էր Տեսչական մարմնի վերահսկողական լիազորություններից բխող մեկ տասնյակից ավելի առանցքային հարցեր: Ոլորտ առ ոլորտ Տեսչական մարմնի ղեկավարին զեկուցվեց նախկինում տրված հանձնարարականների կատարողականի ընթացքը, գնահատվեց վերահսկողական ողջ գործիքակազմի կիրառման արդյունավետությունը և վերլուծվեցին ընթացիկ ոլորտային առկա մի շարք խնդիրներ։
Նիստի ընթացքում հատուկ քննարկվեցին պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն, ինչպես նաև պետական միջոցներով իրականացվող շինարարական ծրագրերը։ Այս առնչությամբ ընդգծվեց շինարարական գործընթացների որակի նկատմամբ վերահսկողության, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների նկատմամբ հսկողության իրականացման, ինչպես նաև նախագծերով սահմանված ժամանակացույցերի խստագույնս պահպանման կարևորությունը։
Քննարկվեցին նաև խոշոր արտադրական և հասարակական նշանակության օբյեկտներում, ավտոգազալիցքավորման և բենզալցակայաններում իրականացված ընթացիկ ստուգումների արդյունքները։ Արձանագրվեց, որ տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմերի պահանջների պահպանման նպատակով Տեսչական մարմնի կողմից վերահսկողական գործիքակազմի կիրառումը պետք է լինի ամենօրյա և մշտապես գտնվի մասնագետների ուշադրության կենտրոնում։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը կրկին կարևորեց կառույցի ստորաբաժանումների գործունեության առավելագույն արդյունավետության ապահովումը և վերահսկողական գործառույթների անխափան իրականացումը։
Քննարկման ավարտին ՏՄ ղեկավարի կողմից կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին մի շարք հանձնարարականներ։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10