2026թ. փոտրվարի 10-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի մամուլի ասուլիսը։ Ասուլիսի շրջանակներում Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրեց 2025 թվականի տարեկան գործունեության հաշվետվությունը՝ մանրամասնելով վերահսկողական գործառույթների որակական և քանակական զգալի առաջընթացը։
Գարեգին Խաչատրյանը նշեց, որ չնայած իրականացված ստուգումների թվի ավելացմանը, արձանագրվել է տնտեսվարողների կողմից թույլ տրվող խախտումների թվի կրճատում, ինչը փաստում է իրավակիրառ պրակտիկայի արդյունավետության և տնտեսվարող սուբյեկտների իրավագիտակցության բարձրացման մասին։
Ըստ այդմ՝
• 2025 թվականին իրականացվել է 1610 ստուգում և հետազոտություն՝ նախորդ տարվա 1300-ի փոխարեն։
• Կայացվել է 7000-ից ավելի վարչական ակտ, ինչը նկատելիորեն նվազել է 2024 թվականի 8000 ցուցանիշից։
• Կիրառված պատասխանատվության միջոցների հանրագումարը գերազանցել է 2 մլրդ ՀՀ դրամը։
• ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 500 մլն ՀՀ դրամ։
Տեսչական մարմնի ղեկավարն առանձնակի անդրադարձ կատարեց հրդեհային անվտանգության բնագավառին, որտեղ իրականացված 2200 վերահսկողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 3100 խախտում։ Համեմատության համար նշվեց, որ 2024 թվականին նույն ոլորտում 2300 միջոցառման պարագայում արձանագրվել էր 4300 խախտում։ ՏՄ ղեկավարի խոսքով խախտումների էական նվազումը պայմանավորված է օրենսդրական փոփոխություններով, գործիքակազմի ուժեղացմամբ և տնտեսվարողների պատրաստակամությամբ։
Գարեգին Խաչատրյանն ընդգծեց օրենսդրական այն փոփոխությունների կարևորությունը, որոնց համաձայն հանրությանը վտանգ սպառնացող ռիսկերի հիմքով կայացված վարչական ակտերը կամ կարգադրագրերը ենթակա են անհապաղ կատարման, որն, իր հերթին, բացառում է տնտեսվարողների կողմից իրավական բացերի շահագործումը և երաշխավորում է անվտանգային նորմերի անխափան կիրառումը։
Չնայած արձանագրված դրական միտումներին, Տեսչական մարմնի ղեկավարը շեշտեց գործընկեր պետական մարմինների հետ համագործակցությամբ նոր օրենսդրական կարգավորումների իրականացման անհրաժեշտությունը։
ՏՄ ղեկավարը շեշտեց նաև, որ Տեսչական մարմնի կողմից 2026 թվականը նախանշվել է որպես առավել ակտիվ վերահսկողության տարի։ Հաշվի առնելով ոլորտային բարձր ռիսկերը՝ նախատեսվում է խստացնել վերահսկողական գործառույթները խոշոր արտադրական օբյեկտներում, քաղաքաշինության, հողօգտագործման, տրանսպորտային անվտանգության և էներգետիկայի ոլորտներում։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10