ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում մայրաքաղաքի երկու տարբեր հասցեներում իրականացվող բնակելի և հասարակական շենքերով թաղամասերի կառուցապատման ընթացքում բացահայտվել են քաղաքաշինական նորմերի և նախագծային փաստաթղթերի էական խախտումներ։
Նշված երկու դեպքում էլ կապալառու կազմակերպությունները Տեսչական մարմնի կողմից ենթարկվել են վարչական պատասխանատվության, և նրանց տրվել են խախտումների վերացման վերաբերյալ պարտադիր կատարման ցուցումներ։ Սահմանված ժամկետների ավարտից հետո Տեսչական մարմնի կողմից իրականացված կրկնակի ստուգումները սակայն փաստել են, որ տրված ցուցումները չեն կատարվել։
Տեսչական մարմնի կողմից միջնորդագրեր են ներկայացվել ՀՀ Կառավարության լիազոր մարմնին՝ տնտեսվարող սուբյեկտների լիցենզիաների գործողության կասեցման հարցը քննարկելու վերաբերյալ։
Արդյունքում Տեսչական մարմնի միջնորդության և լիցենզավորող հանձնաժողովի որոշումների հիման վրա, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով կասեցվել են քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների «Շինարարության իրականացում» լիցենզիաների համապատասխան ներդիրների գործողությունները։
Կասեցման ժամկետ է սահմանվել մինչև արձանագրված խախտումների պատճառների ամբողջական վերացումը։
Կասեցման ժամանակահատվածում արգելվել է իրականացնել որևէ շինարարական աշխատանք, բացառությամբ այն գործողությունների, որոնք ուղղված են կասեցման պատճառների վերացմանը և անհետաձգելի անվտանգային միջոցառումների իրականացմանը։
Հավելենք, որ Տեսչական մարմինը շարունակելու է հետևողական վերահսկողություն իրականացնել քաղաքաշինական նորմերի պահպանման և բնակչության անվտանգության ապահովման նկատմամբ։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10