ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, հանդիսանալով գեոդեզիական և քարտեզագրական գործունեության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին, հարկ է համարում իրազեկել ոլորտի սուբյեկտներին և հանրությանը հետևյալ իրավական կարգավորումների մասին.
Ըստ՝ «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի Տեսչական մարմինն իրավասու է.
✔️Ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և ծանոթանալ բնագավառին վերաբերող փաստաթղթերին՝ օրենքով նախատեսված գործառույթների լիարժեք իրականացման համար:
✔️Դադարեցնել պետական նշանակության աշխատանքների կատարումը, եթե դրանք իրականացվում են առանց թույլտվության կամ նորմատիվային պահանջների խախտմամբ: Կազմել համապատասխան ակտեր և Կադաստրի կոմիտեին ներկայացնել առաջարկություններ որակավորված անձանց գործունեության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ:
✔️Տալ պարտադիր կատարման ենթակա հրահանգներ աշխատանքների կատարման կարգի, կիրառվող տեխնոլոգիաների, ինչպես նաև տվյալների հավաքագրման, հաշվառման, պահպանման և թերությունների վերացման վերաբերյալ:
✔️Հաշվի առնել, որ վերահսկողության առանձնահատկությունները սահմանվում են նաև «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքով:
Ըստ նույն օրենքի 16.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեությամբ կարող են զբաղվել Կոմիտեի կողմից որակավորման վկայական (այսուհետ` նաև վկայական) ստացած անձինք:
Նույն օրենքի 16.2-րդ հոդվածի համաձայն որակավորման վկայականի գործողությունը ենթակա է կասեցման, եթե առկա են՝
• Կազմված փաստաթղթերում առկա են տեխնիկական կամ ոչ տեխնիկական (այնպիսի սխալներ, որոնք հանգեցնում են անշարժ գույքի հարկի շեղման) սխալներ:
• Ինքնակարգավորվող կազմակերպությանը (ԻԿԿ) մեկ ամիս անընդմեջ չանդամակցելը կամ երեք ամիս անընդմեջ անդամավճար չվճարելը:
• ԻԿԿ-ի կողմից սահմանված վերապատրաստման դասընթացների նվազագույն ժամաքանակի առնվազն 80 տոկոսին չմասնակցելը:
• Պետական կամ համայնքային ծառայության մեջ գտնվելը, հանրային պաշտոն զբաղեցնելը կամ վկայականի գործողությունը կասեցնելու մասին դատական ակտի առկայությունը:
• Սեփական դիմումի հիման վրա:
Կարևոր է նշել, որ եթե տեխնիկական կամ ոչ տեխնիկական սխալներն ուղղվել են որակավորված անձի նախաձեռնությամբ, ապա վկայականի կասեցում չի կիրառվում:
Վկայականի գործողությունը դադարեցվում (զրկվում) է, եթե՝
• Հայտնաբերվել են կեղծ կամ խեղաթյուրված տվյալներ վկայական ստանալու փաստաթղթերում:
• Առկա է դատական ակտ՝ անձին անգործունակ ճանաչելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին:
• Կասեցման ժամկետում իրականացվել է որակավորման ենթակա գործունեություն:
• Մեկ տարվա ընթացքում երկու անգամ կիրառվել է վկայականի կասեցում (բացառությամբ որոշակի կետերի):
• Որակավորված անձի մահվան կամ սեփական դիմումի դեպքում:
Նշենք, որ գեոդեզիական, մարկշեյդերական, քարտեզագրական, հողաշինարարական և չափագրման աշխատանքները պետք է իրականացվեն բացառապես. ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1028-Ն և ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի N 1188-Ն որոշումների պահանջներով.
Հարկ է նշել, որ սխալ պարունակող փաստաթղթի հիմքով պետական գրանցում կատարված չլինելու, ինչպես նաև այլ նպատակով կազմված հատակագծերում Կառավարության սահմանած՝ հատակագծերի ձևերի, հատակագծերին ներկայացվող պահանջների և հատակագծերի ներկայացման կարգի խախտման պարագայում ՀՀ Կադաստրի կոմիտեն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ ոլորտում վերահսկողություն իրականացնող Տեսչական մարմնի դիմումի հիման վրա կասեցնում է վկայականի գործողությունը.
• Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանների բողոքարկումը չի կասեցնում դրանց գործողությունը կամ կատարումը:
• Վկայականի գործողության կասեցման, կասեցման հիմքերի վերացման և վկայականի գործողության դադարեցման հրամանների բողոքարկման կարգը սահմանվում է օրենքով։
• Վկայականի գործողության դադարեցումից հետո նոր վկայական ստանալու համար անձը Կառավարության սահմանած կարգով կարող է դիմել ոչ շուտ, քան դրա գործողության դադարեցման օրվանից մեկ տարի հետո։
Հավելենք, որ սույն իրավական կարգավորումների նպատակը ոլորտում բարձրորակ ծառայությունների մատուցման և պետական կադաստրային տվյալների անձեռնմխելիության ապահովումն է:
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10