Համարը 
N 1071-Ա
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.08.2019
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.08.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.08.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

22 օգոստոսի 2019 թվականի N 1071-Ա

    

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1.2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, դեղերի շրջանառության, առողջապահության (այդ թվում՝ իր իրավասության սահմաններում բնակչության բժշկական օգնության և սպասարկման, արյան և դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության, մարդու վերարտադրողական առողջության պահպանման, հոգեբուժական օգնության իրականացման, մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու, մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման), իր իրավասության սահմաններում գովազդի, աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման, ինչպես նաև, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

(1-ին կետը փոփ. 18.06.20 N 1006-Ա)

2. Շրջակա միջավայրի պահպանության, այդ թվում՝ մթնոլորտային օդի պահպանության, ջրային ռեսուրսների, հողերի, կենդանական և բուսական աշխարհի, ներառյալ՝ անտառների ու բնության հատուկ պահպանվող տարածքների, ընդերքի օգտագործման և պահպանության, այլ բնական ռեսուրսների օգտագործման, վերարտադրության և պահպանության, վտանգավոր նյութերի և արտադրության ու սպառման թափոնների (բացառությամբ՝ ռադիոակտիվ) գործածության, ռադիոակտիվ նյութերով աղտոտվածության, բնապահպանական պետական փորձաքննության, բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների, բնապահպանական վարչական վիճակագրության ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

3. Նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Կրթության տեսչական մարմինը:

4. Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման, չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

5. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, կերի անվտանգության, բուսասանիտարիայի, անասնաբուժության ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

6. Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման, տիեզերական գործունեության ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

(6-րդ կետը լրաց. 27.08.20 N 1402-Ա)

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 27

Երևան