ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կոչ է անում համայնքների ղեկավարներին պահպանել քաղաքաշինության ոլորտում ինքնակամ շինությունների հետ կապված իրավական ակտերի պահանջները:
Այն է՝ համայնքի ղեկավարը ապօրինի շինարարություն իրականացնողին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով պետք է ենթարկի վարչական պատասխանատվության և վարչական պատասխանատվության ենթարկելուց հետո վերջինիս առաջարկել ողջամիտ ժամկետում (օրինակ մեկ ամիս) վերացնել հետևանքները:
Եթե ապօրինի շինարարություն իրականացնողը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո չի դադարեցնում շինարարությունը և չի վերացնում հետևանքները, ապա համայնքի ղեկավարը պարտավոր է դիմել դատարան' դատական կարգով շինարարություն իրականացնողին պատասխանատվության ենթարկելու պահանջով, և վերջինիս կրկին ենթարկել վարչական պատասխանատվության' համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի:
Մեկ տարվա ընթացքում երկրորդ պատասխանատվության միջոցը կիրառելուց հետո, եթե շինարարությունը չի դադարեցվում և/կամ ապօրինի շինարարության հետևանքները չեն վերացվում, համայնքի ղեկավարը պարտավոր է անմիջապես օրենքով սահմանված կարգով հաղորդում ներկայացնել իրավասու մարմիններ' քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ թույլ տված անձանց քրեական պատաuխանատվության ենթարկելու մաuին' համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-ին հոդվածի:
Նշված միջոցները չձեռնարկելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարը ենթարկվում է քրեական պատասխանատվության:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում ենք սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել բացահայտված խախտումները և հետևանքները վերացնելու համար: Արդյունքների վերաբերյալ տեղեկացնել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: