Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ են դարձել դեպքերը, երբ գազալցակայաններից լցավորվում են գազատար մեքենաներ, որոնք հետագայում շահագործվում են որպես շարժական գազալցակայաններ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, բնակչության, շրջակա միջավայրի պաշտպանության և անվտանգության նկատառումներից ելնելով զերծ մնալ նմանօրինակ լցակայաններից օգտվելուց:
Հայտնում ենք, որ նշված տեխնիկական պայմաններով գազալցակայանների մի մասը չի համապատասխանում «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին, այն է՝ գազատար մեքենաները գրանցված չեն արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և չեն անցել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն: Վերը նշված հանգամանքները նպաստում են լրջագույն վտանգների ստեղծմանը՝ իրենցից բխող բոլոր ծանր հետևանքներով:
Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք խուսափել այն գազատար մեքենաներից լցավորում կատարելուց, որոնց վարորդների կողմից մինչև լցավորումը չի ներկայացվի տեխնիկական անվտանգության փորձաքննությունն անցած լինելու վերաբերյալ համապատասխան դրական եզրակացություն և թույլտվություն: