Համաձայն ՀՀ ՊԱՐԵՏԻ 2020 թվականի մայիսի 14-ի N 74 որոշման, մայիսի 18-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղևորների համար գործելու են կանխարգելիչ և անվտանգության հետևյալ կանոնները։
Բացառվում է ուղևորների նստեցումը և տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների առկայությունն՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ և ձեռնոց կրելու:
Տրանսպորտային միջոց նստելուց ուղևորները պարտադիր ախտահանում են ձեռքերը ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով։
Տրանսպորտային միջոցից օգտվելիս անհրաժեշտ է ունենալ մանրադրամ ուղևորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու անհրաժեշտությունը։
Ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցում արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը:
Երկարատև երթուղիների ժամանակ խմելու ռեժիմի կազմակերպման համար օգտագործվում է միայն ջուր անհատական տարաների մեջ կամ մեկանգամյա սպասք: Իրականացվում է օգտագործված մեկանգամյա սպասքի, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցների, դիմակների, ախտահանիչ անձեռոցիկների հավաքում մեկանգամյա օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ ծրարների/տոպրակների մեջ, որոնք աղբարկղի բացակայության դեպքում տեղավորվում են բեռնախցիկում՝ ժամանման վայրում հեռացնելու:
Երկաթուղային տրանսպորտից եվ մետրոպոլիտենից օգտվող ուղեվորները պետք է հետեվեն անվտանգության նշված կանոններին․
Չի թույլատրվում ուղևորների մուտքը երկաթուղային կայարանի կամ մետրոպոլիտենի տարածք՝ առանց անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ և ձեռնոց կրելու:
Երկաթուղային տրանսպորտի դեպքում՝ նախքան նստեցումն իրականացվում է ուղևորների ջերմաչափում հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով:
Ջերմություն ունենալու դեպքում չի թույլատրվում ուղևորի նստեցումը, և այդ մասին անհապաղ տեղեկացվում է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` զանգահարելով 8003 համարով: