ՀՀ կառավարությունը ««Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթ է ներկայացրել խորհրդարան։ Այն քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և դրական եզրակացություն ստացել։
Օրենսդրական փաթեթը մշակել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Նախագծի նպատակն այն է, որ իրավական հիմքեր ստեղծվեն էներգետիկայի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ իր գործառույթը կատարելու համար։
Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրինագծի փաթեթի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ ներկայումս Էներգետիկայի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքով վերապահված գործառույթները' տեխնիկական ստուգումները, պատահարների մասնագիտական քննությունները, էներգատեղակայանքների գործարկման եզրակացության տրամադրումը, ՀՀ քաղաքացիներից և տնտեսվարող սուբյեկտներից ստացված դիմում-բողոքների ուսումնասիրությունները իրականացվում են տեխնիկական կանոնակարգերով: Միևնույն ժամանակ՝ ԵԱՏՄ պայմանագրով և օրենսդրությամբ նախատեսված կանոնակարգումներով մի շարք տեխնիկական կանոնակարգեր այլևս չեն գործելու, ուստի՝ իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման ու դրանց փոխարինող իրավական ակտերի ընդունումից հետո տեսչական մարմինը հնարավորություն չի ունենա իրականացնել էներգետիկայի և էներգասպառման ոլորտում իրեն վերապահված գործառույթները: Այստեղից էլ ծագել է այդ տեխնիկական կանոնակարգերով սահմանվող պահանջներն ու պայմանները այլ իրավական ակտերով սահմանելու անհրաժեշտությունը։
2018 թ.-ին «Էներգետիկայի մասին» օրենքում իրականացված փոփոխությունների արդյունքում էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմնին իրավասություն է տրվել՝ մշակելու և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու էներգետիկ օբյեկտների շահագործման և անվտանգության կանոններ ու պահանջներ սահմանող նորմատիվ իրավական ակտեր (հոդված 5.1; մաս 2; կետ բ), որոնք կարող են չհանդիսանալ որպես տեխնիկական կանոնակարգեր: Այդ կապակցությամբ ներկայումս մեկնարկել է նշված իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման գործընթացը, ու մշակվել են դրանց փոխարինող իրավական ակտեր, որոնք տեխնիկական կանոնակարգեր չեն հանդիսանում:
«Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների ընդունումից հետո հնարավորություն կընձեռնվի՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներից զատ՝ սահմանել նաև այլ նորմատիվ իրավական ակտերով հաստատված շահագործման կանոններ ու այլ պահանջներ ու վերահսկողություն իրականացնել թե՛ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պայմանների և պահանջների, թե՛ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պայմանների և պահանջների նկատմամբ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել նաև Հայաստանի Հանրապետության՝ «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագծին։ Այն ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
Ըստ համաձայնագրի՝ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման նպատակով նախատեսվում է ստեղծել միասնական տեղեկատվական դաշտ: Կլինեն տեղեկատվության հասանելիության միասնական պայմաններ, տեղեկատվության ամբողջականության պահպանման կենտրոնացված համակարգ, ինչպես նաև տվյալների ստուգման ու մշտադիտարկման հավասար հնարավորություններ ու տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի տրամադրման ու ձևակերպման միանման համակարգ: