«Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Ագրարային համալսարանում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ «Ինքնակամ կառույցների հաշվառման առանձնահատկությունները» թեմայով։
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից՝ գեոդեզիայի և հողօգտագործման վարչության գլխավոր մասնագետ Արամ Վարղամյանը, Կադաստրի կոմիտեից՝ գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանը, ՀՀ Երևանի քաղաքապետարանից՝ ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Դավիթ Դալլաքյանը, որակավորված չափագրողներ (հաշվառողներ) Երևանից և ՀՀ մարզերից, ինչպես նաև շահագրգիռ այլ անձինք։
Կլոր-սեղանի ժամանակ ներկայացվեց 2022 թվականի հունվարի 15-ից ուժի մեջ մտած ինքնակամ կառույցների հաշվառման կարգը։ Թեմայի շուրջ ծավալվեց մասնագիտական ակտիվ քննարկում, բարձրացվեցին գույքի հաշվառմանն առնչվող բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ, կողմերը հայտնեցին իրենց տեսակետները։
Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գ.Մանուկյանը պատասխանեց հնչեցված հարցերին ու մտահոգություններին, ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացն առավել ճշգրիտ և որակով կազմակերպելու նպատակով ներկայացրեց պարզաբանումներ։