ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնում մարտի 𝟏-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհդակցություն։
Օրակարգում ընդգրկված էր Տեսչական մարմնի գործունեության տարեկան հաշվետվությունների ամփոփմանը, Տեսչական մարմնի վերհսկողության ներքո գտնվող բնագավառներում իրականացվող ընթացիկ վարչարարությանը, վարչական վարույթներն ու վարչարարությունը կարգավորող օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերի կիրառմանը վերաբերող հայցերի լայն շրջանակ։
Աշխատանքային խորհրդակցությանը բացման խոսքով հանդես եկավ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը։ Նա խոսեց ՏՄ վերահսկողության ներքո ոլորտներում արված աշխատանքի մասին։
Մասնավորապես՝ առանձնակի անդրադարձ կատարեց սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարության նկատմամբ տեսչական վերահսկողության էլ ավելի խստացմանը։
Գ․ Շախբազյանն ընդգծեց, որ ՔՏՀԱՏՄ-ն հետևողականորեն շարունակելու է ապօրինի ինքնակամ կառույցների հայտնաբերումը, գույքագրումը՝ նմանատիպ կառույցների ի հայտ գալը կանխելու, օրինազանցներին պատասխանատվության ենթարկելու, քաղաքաշինական գործունեությունը բացառապես օրինականության դաշտում պահելու համար։
ՏՄ ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ Լիլիթ Ղարիբյանը ներկայացրեց ՏՄ գործունեության 𝟐𝟎𝟐𝟏թ․ տարեկան հաշվետվությունը, իսկ մասնագիտական վարչությունների պետերը՝ վերահսկողության ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներ։
Խորհրդակցությանը քննարկվեց նաև հանրապետության բուժհաստատություններում հրդեհատեխնիկական հետազոտություններ, ինչպես նաև խորհրդատվություն և իրազեկման աշխատանքներ իրականացնելու հարցը։
ՔՏՀԱ տեսչական մարմնի տեղակալ Արտյուշ Գրիգորյանն անդրադարձավ տեխզննման կայանների նկատմամբ արվող վերահսկողությանը, ինչպես նաև տրանսպորտային անվտանգության ոլորտին առնչվող նոր գործառույթին, որը վերապահվել է տեսչական մարմնին։ Խոսքը վերաբերում է բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնների վկայագրման նկատմամբ վերահսկողությանը։
Ա․Գրիգորյանը խոսեց նաև ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին բեռնափոխադրում իրականացնող ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների կշռման գործընթացի մեխանիզմների մասին։
Նշվեց, որ առաջիկա օրերին մի քանի մարզերում սկսվելու է կշռման գործընթացը։ ՏՄ ղեկավարի տեղակալն անդրադարձավ նաև բեռնափոխադրումների ոլորտում կատարված ենթաօրենսդրական փոփոխություններին և դրանց մասին տնտեսավարողներին իրազեկելու հարցին։
Խորհրդակցությանը քննարկվեցին նաև գործավարության հետ կապված ընթացիկ մի շարք հարցեր։