Մայիսի 18-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում էներգետիկ ոլորտը ներկայացնող շահագրգիռ կառույցների մասնակցությամբ տեղի ունեցավ ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի շուրջ քննարկում։ Նախագծերի վերաբերյալ շահագրգիռ գերատեսչությունները, այդ թվում՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ներկայացրել էին մի շարք առաջարկներ ու դիտողություններ։
Հանդիպմանը ՔՏՀԱ տեսչական մարմնից մասնակցում էին Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության պետի տեղակալ Արսեն Դանիելյանը և վարչության մասնագետներ։
Քննարկմանը Ա․Դանիելյանը ներկայացրեց մշակվող իրավական ակտերի վերաբերյալ արված առաջարկությունների հիմնավորումները, որոնք միտված են էներգատեղակայանքների անվտանգ շահագործմանը, ինչպես նաև ներտնային գազասպառման համակարգում առկա ռիսկերի նվազեցմանը և հնարավոր պատահարների կանխարգելմանը։
Հավելենք, որ վերոնշյալ իրավական ակտերի վերաբերյալ քննարկումները կլինեն շարունակական։