ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հանձնարարականի շրջանակներում Կադաստրի կոմիտեում տեղի ունեցավ «Տարածական տվյալների մասին» և «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ աշխատանքային հանդիպում-քննարկում, որին մասնակցում էր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը, ինչպես նաև շահագրգիռ այլ պետական գերատեսչությունների փոխնախարարներ և ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում ներկաների կողմից հանգամանալից քննարկվեց «Տարածական տվյալների մասին» օրենքի նախագծի մի շարք կարևոր դրույթներ և պետական մարմինների միջև էլ ավելի արդյունավետ աշխատանքի համար դրանից բխող նոր հնարավորությունների ստեղծման հարցը:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը մանրամասն ներկայացվեց տարածական տվյալների ոլորտում կառավարման հիմնական սկզբունքները, բոլոր պետական մարմինների համընդհանուր ներգրավածության կարևորությունը, կառավարության և լիազոր պետական մարմնի՝ Կադաստրի կոմիտեի լիազորությունների շրջանակը, ինչպես նաև տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ սուբյեկտների լիազորությունները, իրավունքներն ու պարտականությունները։
Քննարկման ընթացքում լիազոր մարմնի կողմից հիմնավորվեց հավաքագրվող թեմատիկ տվյալների ստանդարտացման, քարտեզագրական շերտերի սահմանման և բազային տարածական տվյալների կառավարման կարևորության խնդիրը, ինչպես նաև հստակեցվեց յուրաքանչյուր մետատվյալի ստեղծման կարևորությունը։
Մասնակից շահագրգիռ մյուս պետական գերատեսչությունների պատասխանատուները ներկայացրեցին ՀՀ-ում տարածական տվյալների ստեղծման, հավաքագրման, պահպանման, օգտագործման, տրամադրման, տարածման ու փոխանակման հետ կապված հարաբերությունների վերաբերյալ իրենց տեսակետները և դիտարկումները:
Առանձնակի ընդգծվեց պետության համար դրանց ռազմավարական կարևորության և նման օրենսդրական կարգավորումներով խնդրի լուծման անհրաժեշտության հարցը:
Նշենք, որ օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկումներն այլ շահագրգիռ մարմինների հետ առաջիկայում կշարունակվեն: