ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հուլիսի 28-ին, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման նպատակով ևս մեկ իրազեկող միջոցառում անցկացրեց, այս անգամ, Լոռու մարզի «Գուգարք» մանկապատանեկան և «Ծիծեռնակ» ուսանողական ճամաբարներում։
Միջոցառմանը ներկա էին ՔՏՀԱ տեսչական մարմնի ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության, իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների, ինչպես նաև Լոռու տարածքային բաժինների մասնագետները։
Վերջիններս ճամբարներում հանգստացող 7-13 տարեկան երեխաների համար հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկող և կանխարգելիչ միջոցառումներ իրականացրեցին։
Երեխաները սովորեցին հրդեհային անվտանգության կանոններն ու թե ինչ կանխարգելիչ գործողություններ են անհրաժեշտ հրդեհի ժամանակ։
Քննարկվեցին նաև տարհանման ձևերն ու միջոցները, կրակմարիչի հետ վարվելու կանոնները, անտառային ու խոտածածկ տարածքներում հրդեհների աղբյուրները արագ չեզոքացնելու գործողությունները։
Հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ երեխաների հարցերին ՔՏՀԱ տեսչական մարմնի աշխատակիցների հանգամանալից ու սպառիչ պատասխաններով էլ ավարտվեց իրազեկման միջոցառումը , որի նպատակը մեկն է՝ հրդեհային անվտանգության կանոններն ուսուցանելն ու տեղեկացված սերունդ դաստիարակելը։