Օգոստոսի 23-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող մանկապարտեզների տնօրենների և ներկայացուցիչների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ` հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման թեմայով։
Հանդիպմանը մասնակցում էին ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը, Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ Լիլիթ Ղարիբյանը, Երևանի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի պետ Կարեն Կարապետյանը։
Աշխատանքային հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ա․ Պապիկյանը։ Նա նշեց, որ հրդեհային անվտանգության տեսանկյունից Տեսչական մարմինը կարևորում է նախակրթական հաստատություններում հրդեհային անվտանգության նորմերի խստիվ պահպանումը։
Նշվեց, որ ՔՏՀԱ տեսչական մարմինն այս տարի հրդեհատեխնիկական հետազոտություններ էր կատարել մայրաքաղաքի մոտ չորս տասնյակ նախակրթարաններում։ Դրանց արդյունքները ներկայացրեց ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի պետ Կ․ Կարապետյանը։ Նա ընդգծեց, որ Տեսչական մարմնի համար առաջնահերթ է նախակրթարանների շենքերի հրդեհային անվտանգության վիճակի մոնիթորինգը, դրանց անվտանգության բարձրացմանն ուղղված կանխարգելիչ քայլերի ձեռնարկումը։
Երևանի մանկապարտեզների տնօրեններն իրենց հերթին ներկայացրին այն խնդիրները, որոնց լուծման գործում իրենք ակնկալում են Տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագետների աջակցությունը։ Արձանագրված թերությունների մասով ՏՄ կողմից մանկապարտեզների տնօրեններին առաջարկվեց կազմել առաջիկա գործողությունների պլան, այն ներկայացնել Երևանի քաղաքապետարան՝ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով։
Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ Լիլիթ Ղարիբյանը Տեսչական մարմին-մանկապարտեզներ համագործակցության համատեքստում խոսեց քարոզչական աշխատանքի կարևորության մասին։ Մանկապարտեզների տնօրեններն այս առումով առաջարկեցին, որ Տեսչական մարմնինը ևս ներգրավվի մանկապարտեզներում ինտերակտիվ քարոզչական միջոցառումներ անցկացման աշխատանքներին։
Աշխատանքային քննարկման արդյունքում կողմերի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն մասնագիտական աջակցություն ցուցաբերելու և նման հանդիպում-քննարկումները շարունակելու վերաբերյալ։