Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նիստը վարում էր խորհրդի նախագահ, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:
Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ Վարչապետի աշխատակազմի համար առաջնահերթություն է տեսչական մարմինների աշխատանքի որակի արդյունավետության բարձրացման հարցը։
Նա կարևորեց տեսչական մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ դրանում պետք է ներգրավվեն շահագրգիռ բոլոր գերատեսչությունները։
Ընդ որում, վերոնշյալ օրենսդրական փոփոխություները պետք է կատարել հնարավորինս սեղմ ժամկետներում, ինչը հնարավորություն կտա ուժեղացնել վերահսկողական գործառույթների իրականացման մեխանիզմները։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն առանձնակի կարևորեց Տեսչական մարմնի վերահսկողության ներքո գտնվող բնագավառներում գործունեություն ծավալող տնտեսավարողների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև քաղաքացիների՝ իրազեկվածության մակարդակի բարձրացման հարցը։
Նիստին ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը ըստ ոլորտների ամփոփեց 2022 թ. անցած 9 ամիսներին կատարված աշխատանքները, ներկայացրեց 2023 թ. նախատեսվող ռիսկի հիման վրա ստուգումների ծրագիրը։
Կառավարման խորհրդի անդամները քննարկեցին նաև օրակարգային մի շարք այլ հարցեր, մասնավորապես՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության, ստուգումների տարեկան ծրագրերը, ինչպես նաև ՔՏՀԱ տեսչական մարմնի 2022 թվականի 3-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատման նախագիծը։
Կառավարման Խորհուրդը հավանություն տվեց քննարկված բոլոր հարցերին, որոնք քվեարկությամբ հաստատվեցին։