Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել են Կառավարությանը ենթակա Տեսչական մարմինների 𝟐𝟎𝟐𝟐թ. գործունեության հաշվետվությունները:
Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Շրջակա միջավայրի նախարարները, Տեսչական մարմինների ղեկավարները, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք:
Տեսչական մարմինների ղեկավարները Վարչապետին զեկուցել են 𝟐𝟎𝟐𝟐թ. կատարված աշխատանքների վերաբերյալ:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվել է 𝟏𝟒𝟗𝟎 ստուգում՝ տրանսպորտի, էներգետիկայի և էներգասպառման, հրդեհային և տեխնիկական անվտանգության, քաղաքաշինության, գեոդեզիայի և հողօգտագործման ուղղություններով, արձանագրվել է 𝟖𝟗𝟒𝟑 խախտում: 𝟏𝟐𝟎𝟒 կրթական և 𝟏𝟖𝟗 նախակրթական հաստատությունում իրականացվել են հրդեհատեխնիկական հետազոտություններ, բացահայտվել են համապատասխանաբար 𝟒𝟓𝟗𝟓 և 𝟏𝟑𝟑𝟕 խախտում, 𝟑𝟑𝟖 առողջապահական օբյեկտում արձանագրվել է 𝟐𝟎𝟏𝟗 խախտում: Երևանում գտնվող 𝟐𝟎𝟗 բենզալցակայանի հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում արձանագրվել է 𝟓𝟕𝟖 խախտում, 𝟐𝟕.𝟎𝟎𝟎-ից ավելի դիտարկում է իրականացվել տրանսպորտի անվտանգության բնագավառում, քաղաքաշինության ոլորտում բացահայտվել է 𝟐𝟕𝟏 ինքնակամ կառույց: Կիրառվել է թվով 𝟐𝟕𝟔𝟎 վարչական տուգանք՝ 𝟒𝟔𝟔 մլն ՀՀ դրամի չափով:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվել է շուրջ 𝟐𝟒𝟎𝟎 վերահսկողական միջոցառում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, աշխատանքային իրավունքի՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ուղղություններով: Արձանագրվել է 𝟓𝟎𝟎 խախտում, տուգանքի չափը կազմել է շուրջ 𝟗𝟏𝟕 մլն ՀՀ դրամ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շուրջ 𝟐𝟒𝟎 վերահսկողական միջոցառում է իրականացրել՝ մթնոլորտային օդի պահպանության, ջրային, հողային, ընդերքի ռեսուրսների օգտագործման ու պահպանության, կենդանական և բուսական աշխարհի օգտագործման և պահպանման, վտանգավոր նյութերի, արտադրության և սպառման թափոնների ուսումնասիրության ուղղություններով։ Ստուգումների արդյունքում արձանագրվել է 𝟐𝟑𝟗𝟑 իրավախախտում, կիրառվել է 𝟗𝟗 մլն ՀՀ դրամի տուգանք, կասեցումների թիվը՝ 𝟐𝟕: Հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման 𝟒𝟏 դեպք: Նշված ուղղություններով իրականացվել են նաև կանխարգելիչ միջոցառումներ:
Կրթության տեսչական մարմնի կողմից նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում իրականացվել է 𝟐𝟏𝟐 ստուգում, արձանագրվել է 𝟏𝟓𝟒𝟒 խախտում: 𝟐𝟎𝟐𝟐թ. մեկնարկել է «Աջակցություն ուսուցման կազմակերպմանը» ծրագիրը, որի շրջանակում գնահատվել են ուսուցիչների մեթոդական և տեխնոլոգիաների կիրառման հմտությունները, մասնագիտական գիտելիքները, արդյունքում տրամադրվել են կրթական գործընթացի վերաբերյալ ցուցումներ: 𝟒𝟎 դպրոցում կատարվել է աշակերտների մնացորդային գիտելիքների ստուգում, ԿԳՄՍՆ կողմից միջոցառումներ են ձեռնարկվել կրթության որակի արդյունքների բարելավման ուղղությամբ:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 𝟓𝟔𝟖 ստուգում է իրականացրել ոչ պարենային արտադրանքի անվտանգության, չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղների, ծխախոտային արտադրատեսակների, նյութական պահուստի և արտադրական կանեփի բնագավառներում, արձանագրված խախտումների թիվը կազմել է 𝟒𝟒𝟔: Կայացվել է վարչական պատասխանատվության ենթարկելու մասին 𝟒𝟔𝟏 որոշում, տուգանքի չափը կազմել է շուրջ 𝟏𝟑𝟗 մլն ՀՀ դրամ: Նշվել է, որ 𝟐𝟎𝟐𝟐թ. ՇՎՏՄ-ն ձեռք է բերել լաբորատոր սարքավորումներ, ինչը թույլ կտա վերազինել և բարելավել ենթակառուցվածքները:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացրել է 𝟑𝟐𝟏𝟕 վերահսկողական միջոցառում, որի շրջանակում հայտնաբերվել է 𝟏𝟒𝟐𝟓 խախտում, կայացվել է վարչական պատասխանատվություն կիրառելու մասին 𝟏𝟐𝟏𝟐 որոշում, նշանակվել է մոտ 𝟏𝟎𝟐 մլն ՀՀ դրամի չափով տուգանք: Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացված դիտարկումների շրջանակում արձանագրվել է մակնշման պահանջների անհամապատասխանության՝ 𝟔𝟔𝟕, ժամկետանց սննդամթերքի շրջանառության՝ 𝟐𝟐𝟗, սանիտարահիգիենիկ նորմերի չպահպանման՝ 𝟕𝟏 դեպք: Մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվել է 𝟐𝟕𝟎 ստուգում, խախտումների թիվը՝ 𝟗𝟑: Գրանցվել է սննդային գործոնով պայմանավորված թունավորման 𝟕 դեպք. ընդհանուր առմամբ, պետություն-տնտեսվարող համագործակցային աշխատանքի արդյունքում թունավորման դեպքերի թիվը նվազել է 𝟐 անգամ, թունավորվածներինը՝ 𝟕.𝟓 անգամ: Կասեցվել է 𝟕𝟖 արտադրական գործունեություն, որից 𝟓𝟕-ն արդեն վերաբացվել են, 𝟐𝟏-ի կողմից խախտումները շտկման փուլում են:
Տեսչական մարմինների ղեկավարներն իրենց զեկույցներում նշել են, որ հաշվետու տարում նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ, իրականացվել են հանրային իրազեկման միջոցառումներ, վերահսկողության գործընթացում ներդրվել են թվային գործիքներ:
Տեղեկատվություն է ներկայացվել նաև կառուցվածքային բարեփոխումների և կադրային համալրվածության վերաբերյալ: Վարչապետին ներկայացվել են նաև Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից կատարված աշխատանքներն ու օրենսդրական նախաձեռնությունները:
Նշվել է, որ վերլուծության արդյունքում վեր են հանվել որոշ խնդիրներ, որոնք անհրաժեշտ են դարձնում վերահսկողության ռազմավարական մոտեցումների հստակեցումը և ըստ այդմ՝ տեսչական գործառույթների, ընթացակարգերի, գործիքակազմի լավարկումը:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն զեկույցների վերաբերյալ, արծարծվել են ներկայացված թեմաներին վերաբերող հարցեր, քննարկվել են հետագա անելիքները: Վարչապետն անդրադարձել է վերահսկողության ռազմավարության խնդրին՝ կարևորելով քաղաքականությունների մշակման գործընթացի վրա տեսչական վերահսկողության արդյունքների ազդեցության գնահատումը և ստանդարտների մշակումը: «Մենք պետք է չափանիշներ ձևավորենք բոլոր ոլորտներում, որպեսզի կարողանանք բովանդակային և որակական վերահսկողություն իրականացնել», - նկատել է Կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը խոսել է տեսչական համակարգում թվային գործիքակազմի շարունակական ներդրման մասին, որը թույլ կտա զարգացնել համակարգերի փոխգործելիության մակարդակը և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը: Երկրի վարչապետն ընդգծել է մի շարք ուղղություններով բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը և խորհրդակցության արդյունքներով տվել հանձնարարականներ: