ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը սույն թվականի հունիս ամսվա ընացքում շարժական կշեռքներով վերահսկողություն է իրականացրել Արմավիրի մարզի տարածքով անցնող ՀՀ ընդհանուր օգտագործման Մ-3 միջպետական ավտոմոբիլային ճանապարհին ծանրաքաշ տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Ըստ այդմ՝ տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետների իրականացրած դիտարկումների և վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն զանգվածը գերազանցած 7 տրանսպորտային միջոցներ։ Դրանցից 5-ը թույլատրելի 26 և 32 տոննա առավելագույն զանգվածը գերազանցել են 17-27 տոննայով։
Դիտարկված 2 տրանսպորտային միջոց կատարել է թույլատրելի առավելագույն 32 տոննան ավելի քան 2 անգամ՝ 29-ից 34 տոննայով գերազանցող զանգվածով բեռնափոխադրում։ Հայտնաբերված տրանսպորտային 7 միջոցների նկատմամբ կազմվել են տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ համապատասխան արձանագրություններ։
Հիշեցնենք, որ 2023 թ․ մարտի 23-ից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ուժի մեջ մտած փոփոխությունների արդյունքում մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար նախատեսված է տուգանք նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով:
Հավելենք, որ Տեսչական մարմինն անշարժ և շարժական կշեռքներով վերահսկողությունը շարունակելու է հանրապետության ամբողջ տարածքում և բեռնափոխադրումներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց կրկին հորդորում է փոխադրումներն իրականացնել բացառապես հաստատված բեռնվածքի պահանջների պահպանմամբ։