ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանի ու Արազ Պապիկյանի հետ այցելեց ՀՀ Տավուշի մարզ։
ՏՄ ղեկավարը Տավուշի տարածքային բաժնի պետ Վլադիմիր Վահանյանի ուղեկցությամբ ծանոթացավ մարզում իրականացվող սուբվենցիոն մի քանի ծրագրերի ընթացքին։ Մասնավորապես՝ համայնք-պետություն համագործակցության ձևաչափով, պետական բյուջե-համայնք համաֆինանսավորմամբ մարզում հիմնանորոգվում են միջպետական Իջևան-Նավուր- Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց 117/4 հասցեից մինչև Գայի փողոց 90 հասցեն ընկած հատվածը, Դիլիջանի գեղարվեստի դպրոցի շենքը, տուֆապատվում են Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 2-րդ, 7-րդ և 10-րդ փողոցների ճանապարհահատվածները, ինչպես նաև ՏՄ ղեկավարը այցելեց նախկինում Տեսչական մարմնի կողմից ավարտված հանձնաժողովի շրջանակներում չընդունված Իջևան քաղաքի Սարիբեկ Օհանյան փողոց, որի ժամանակ պարզվեց, որ վերջնական ստուգմամբ հայտնաբերված թերությունները դեռևս վերացված չեն։
ՏՄ ղեկավար կազմը ծանոթացավ վերոնշյալ շինարարական աշխատանքների ընթացքին, արձանագրվեցին նախապես հաստատված նախագծից շեղումներ, աշխատանքի որակին առնչվող բազմաթիվ թերություններ։
ՔՏՀԱՏՄ ղեկավար Գարեգին Խաչատրյանը տեղում հանձնարարական տվեց ՏՄ Տավուշի տարածքային ստորաբաժանման ղեկավարին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ստուգումներ իրականացնել տվյալ սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ և ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ առկա թերությունները վերացնելու, ընդհուպ անհրաժեշտության դեպքում արդեն իսկ թերություններով իրականացված ծավալները քանդելու և դրանք նորմատիվներին համապատասխանեցնելու համար։
Նշենք, որ Տեսչական մարմնի վերահսկողությունը թե՛ ՀՀ ողջ տարածքում, թե՛ մասնավորապես Տավուշի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ կլինի պարբերական։