Հուլիսի 13-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ ընդլայնված կազմով, որին ներկա էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանն ու Սուրեն Մինասյանը, ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Խորհրդակցությանը կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ յուրաքանչյուրն իր ոլորտով ներկայացրեց 2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում նախատեսված և կատարված աշխատանքների արդյունքները։
Առանձնակի անդրադարձ կատարվեց քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության կողմից ՀՀ-ում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողական աշխատանքների էլ ավելի խստացմանը։
ՏՄ ղեկավարի կողմից ընդգծվեց ՀՀ տարածքում գործող գազա և բենզալցակայաններ շահագործող տնտեսավարողների կողմից հրդեհային անվտանգության նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների պարտադիր կատարման նկատմամբ խիստ վերահսկողության շարունակականության պահպանումը։ Նշվեց, որ բոլոր այն գազա և բենզալցակայնները, որոնք կառուցվել են հրդեհային անվտանգության նորմերի խախտումներով, պետք է ենթարկվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության։
ՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչությանը հանձնարարվեց հետևողական լինել հատկապես խոշոր առևտրի կենտրոններ շահագործողներին տրված կարգադրագրերի վերջնաժամկետները լրանալուն պես վերստուգումներ իրականացնելու հարցում՝ պարզելու համար, թե որքանով են կատարվել Տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրերի պահանջները։
Տրանսպորտային անվտանգության վարչությունը ներկայացրեց ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ մեքենաներով բեռնափոխադրումների, տրանսպորտային միջոցների տեխզննման կայանների, տաքսամոտորային ուղևորափոխադրումների նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքները և նախատեսվող վերահսկողական աշխատանքների պլանավորման ընթացքը։
Աշխատանքային խորհրդակցության ավարտին ՔՏՀԱՏՄ ղեկավարի կողմից պատասխանատու բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ։