Սույն թվականի հուլիսի 17-ին «Հետք» էլեկտրոնային պարբերականը հրապարակել է «Կնքահայրը․ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է» վերտառությամբ նյութ, որտեղ նյութի հեղինակի կողմից արվել է պնդում, թե Ծաղկաձոր քաղաքում կառուցվող «Պալլադա Ծաղկաձոր» համալիրի կառուցապատման փաստաթղթերում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խախտումներ է գտել, «սակայն, չի տեսել մեկ այլ խախտում, որը «Հետք»-ն է պարզել։
Ըստ պարբերականի պնդման՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մեղմ վարքագիծ է դրսևորել և չի համարել, որ «Պալլադա Ծաղկաձոր» համալիրը խախտումներով է կառուցվում։
«Հաշվի առնելով կառուցապատող ընկերության՝ առանց օրինական հիմքերի կառուցապատում իրականացնելու փաստը, Ծաղկաձորի քաղաքապետարանի անգործությունը, վարչապետին ենթակա ՔՏՀԱ տեսչական մարմնի մեղմ վարքագիծը, կառուցապատող ընկերությունում 25% բաժնեմաս ունեցող Էդգար Ավագյանի և ձեր փոխկապակցվածությունը՝ մենք եզրահանգում ենք, որ վերջինս ձեզ է ներկայացնում նշված ընկերությունում կամ ձեր հեղինակությունն է օգտագործվում անխոչընդոտ ապօրինի կառուցապատում իրականացնելու համար»,-նշել էր պարբերականը։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հարկ է համարում ընթերցողներին տեղեկացնել, որ տվյալ պարագայում «մեղմ վարքագծի» մասին խոսք անգամ լինել չէր կարող։
Խնդիրն այն է, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դեռևս 2022թ․ դեկտեմբերի 23-ին իրականացրած ստուգման հիման վրա տուգանել է Ծաղկաձորի համայնքի ղեկավարին՝ առանց համապատասխան նախագծի քանդման աշխատանքներ կատարելու համար, քանի որ Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման պահին կատարվում էին միայն քանդման հողային աշխատանքներ։
Հարկ ենք համարում ընդգծել, որ խնդրո առարկա օբյեկտը ՏՄ իրականացրած ստուգման պահին որևէ շինթույլտվություն չի ունեցել։
Ավելին՝ «Հետք» պարբերականին տրամադրված 27․09․2022 թ․ շինթույտվությունը ոչ ստուգման պահին, ոչ պաշտոնապես չի տրամադրվել Տեսչական մարմնին, ուստի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը չէր կարող գոյություն չունեցող կամ չներկայացված շինթույլտվության փաստաթղթերում թերություններ նկատել / չնկատել։
«Պալադա Ծաղկաձոր» ՍՊ ընկերությանը համայնքի ղեկավարի կողմից շինթույլտվություն տրվել է 2023թ․ հունիսի 29-ին։