Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում կայացավ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի երկրորդ նիստը՝ ուղղված հրդեհների կանխարգելմանը:
Նիստին մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ինչպես նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Աշխատանքային խմբի ղեկավար, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը նշել է, որ առաջին հանդիպումից մինչ օրս իրականացվել են անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման ու հանրային իրազեկման մեծածավալ աշխատանքներ։
Նշվել է, որ Փրկարար ծառայության կողմից հանրային իրազեկման աշխատանքներում ներգրավվել են 643 օպերատիվ խմբեր՝ ընդհանուր 1504 փրկարարական ծառայողներով։ 5751 օբյեկտներում ու անտառամերձ հանրային վայրերում իրականացվել են հանրային իրազեկման աշխատանքներ, փակցվել է 8436 պաստառ՝ հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ։ Անտառամերձ տարածքներում կազմակերպվել է հերթապահություն՝ 816 փրկարարական ծառայողներով։
Նիստի մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները․ դրանք ներառում են ՀՀ մարզեր այցեր, հրդեհների արձագանքման նախապատրաստական աշխատանք անտառտնտեսություններում, տեղերում անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհի արձագանքման պլանների ստուգում, քարոզչություն։
Հրդեհների կանխարգելմանն ուղղված աշխատանքի շրջանակում սահմանվել են հերթապահություններ, ինչպես նաև տեղի են ունեցել հանդիպումներ ՏԻՄ-երի ղեկավարների հետ։
Հատուկ անդրադարձ է կատարվել նաև անտառամերձ հատվածներում փայտածուխի արտադրամասերի գործունեությանը: Առաջարկվել է դրանք առկա օրենսդրական դաշտի սահմաններում տեղափոխել անվտանգ տարածքներ:
Նիստի ավարտին որոշվել է ավելի ակտիվացնել հանրային իրազեկման, հերթապահության և մշտադիտարկման ուղղությամբ արվող համատեղ միջոցառումները: