2023 թ. սեպտեմբերի 5-ին Քաղաքաշինության կոմիտեում հանդիպել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը, ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը և քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության պետ Արտաշես Սարգսյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կոմիտեի մյուս գործընկերները:
Կոմիտեի և Տեսչական մարմնի գործընկերները քննարկել են նախագծային և շինարարական աշխատանքների որակին վերաբերող օրախնդիր հարցեր: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել հանրապետությունում իրականացվող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր շինարարական ծրագրերին, դրանց իրականացման ընթացքում ծագող հարցերին, վերահսկողական աշխատանքների արդյունքներին: Դիտարկվել են նաև կոմիտեի կողմից ժամանակի պահանջներին համապատասխան քաղաքաշինական նորմերի մշակման, առկա նորմերի շարունակական արդիականացման ծրագրերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտային հարցերի քննարկման նպատակով շարունակել աշխատանքային հանդիպումները: