Հոկտեմբերի 24-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ ընդլայնված կազմով, որին ներկա էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանն ու Սուրեն Մինասյանը, ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Աշխատանքային հանդիպմանը քննարկվեցին Տեսչական մարմնի ընթացիկ գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։
ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ յուրաքանչյուրն իր բնագավառով ներկայացրեց 2023 թվականի տարեկան ծրագրով կատարված վերահսկողության արդյունքները և 4-րդ եռամսյակի ծրագրված աշխատանքները։
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը, խոսելով քաղաքաշինության բնագավառում արված և արվելիք վերահսկողության մասին, հատուկ կարևորեց ՀՀ-ում սուբվենցիոն ծրագրերով արվող շինարարական աշխատանքների նկատմամբ արված վերահսկողության խստացման անհրաժեշտությունը։
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը, շեշտադրում կատարեց հատկապես հասարակական նշանակության օբյեկտներում, ինչպես նաև գազա և բենզալցակայանների նկատմամբ վերահսկողության էլ ավելի խստացմանը։
ՏՄ ղեկավար Գ․Խաչատրյանն առանձնահատուկ շեշտադրում կատարեց միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով՝ ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռման, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նկատմամբ խիստ հսկողության, նաև գազաբալոնների ճնշափորձարկման և տեխզննման կայանների նկատմամբ իրականացվելիք վերահսկողության խստացման անհրաժեշտության վրա։
Աշխատանքային հանդիպմանը անդրադարձ կատարվեց 2024 թվականի գործունեության տարեկան ծրագրին։
Խորհրդակցության վերջում ՔՏՀԱՏՄ ղեկավար Գարեգին Խաչատրյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվեց մի շարք հանձնարարականներ։