2023թ․ դեկտեմբերի 15-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն՝ ընդլայնված կազմով, որին ներկա էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը, ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Աշխատանքային հանդիպմանը քննարկվեցին Տեսչական մարմնի 2023թ․ տարեկան ստուգումներին վերաբերող հարցեր։
ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ըստ ոլորտների ներկայացրին տարվա ընթացքում իրականացված տեսչական վերահսկողության՝ տարեկան ստուգումների ու վերստուգումների արդյունքներն ու վիճակագրությունը։
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը հատուկ անդրադարձ կատարեց ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին: Շեշտեց ՀՀ-ում սուբվենցիոն ծրագրերով կատարվող շինարարական աշխատանքների՝ հատկապես տարեվերջին սպասվող վերջնական ստուգման փուլում առավելագույնս խիստ վերահսկողություն իրականացնելու կարևորությունը։
Քննարկվեցին նաև հասարակական նշանակության օբյեկտներում, մայրաքաղաքում և մարզերում գազա և բենզալցակայանների գործունեության նկատմամբ սկսված և ընթացիկ գործառույթների շարունակականության, միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով՝ ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռման, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, գազաբալոնների ճնշափորձարկման և տեխզննման կայանների նկատմամբ վերահսկողության ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր։
Աշխատանքային հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև 2024 թվականի ստուգումների տարեկան ծրագրին։
Խորհրդակցության վերջում ՔՏՀԱՏՄ ղեկավար Գարեգին Խաչատրյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվեց մի շարք հանձնարարականներ։