Տեսչական մարմնի հարգելի՛ գործընկերներ
Շնորհավորում եմ բոլորիս՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կազմավորման վեցամյակի կապակցությամբ։
ՀՀ Վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրվանից մենք միասին դժվարություններով լի ժամանակաշրջան ենք անցել, քանզի առնչվում ենք քաղաքացիների, շրջակա միջավայրի անվտանգության ու կենսագործունեության հետ անմիջականորեն կապված բնագավառների հետ:
Անվիճելի է, որ երկրի համար առանցքային ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողության իրականացումն առանց բարդությունների, խոչընդոտների չի կարող լինել, ու դա հստակ գիտակցում է մեզանից յուրաքանչյուրը:
Եվ այդ դժվարությունները, դիմադրությունները, ինչու չէ՝ նաև մարտահրավերները հաղթահարելը մեզանից մեծ ջանքեր, նվիրում, համառություն են պահանջում: Դրանք են, որ պետք է նպաստեն վերահսկողության բոլոր ոլորտներում դրական առաջխաղացում գրանցելուն, ձեռքբերումներ ունենալուն: Այս գործում պակաս կարևոր չէ նաև Տեսչական մարմնի՝ որպես պետական կառույցի և քաղաքացու, տնտեսավարողի կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը:
Որպես ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար՝ աշխատանքային մոտ երկու տարիների ընթացքում իմ խնդիրն եմ համարել ու համարում նպաստել նրան, որ քաղաքացին ու տնտեսավարողը՝ ի դեմս Տեսչական մարմնի տեսնի օրենք և օրինականություն պահպանող, հանրային անվտանգության ապահովման համար սրտացավ թե՛ պատասխանատու կառույցի, թե՛ պաշտոնյայի:
Հարկ եմ համարում ևս մեկ անգամ վերահաստատել, որ թե՛ ինձ, թե՛ Տեսչական մարմնի յուրաքանչյուր աշխատակցի համար շարունակում է առաջնահերթություն մնալ ցանկացած բացասական և ապօրինի երևույթի նախապես կանխումը, քաղաքացիների, տնտեսավարողների հետ իրազեկման և կանխարգելիչ լայնածավալ աշխատանքների իրականացումը, և այդ ամենից հետո միայն՝ որպես վերահսկողություն իրականացնող մարմին՝ պատասխանատվության միջոց կիրառելու հարցը։
Մեր գործունեության ընթացքում առաջնային ու գերակա է համարում մեզ տրված լիազորությունների շրջանակում քաղաքացու անվտանգությունն ապահովելու հարցը։ Դա մեզանից ամենօրյա տքնաջան աշխատանք, ուժերի գերլարում, զգոնություն, սթափություն, անաչառություն է պահանջում, ու այս ամենը պետք է դրսևորվի փոխադարձ հարգանքի, վստահության և փոխօգնության աշխատանքային մթնոլորտում:
Սիրելի՛ գործընկերներ, օրենքով մեզ վերապահված վերահսկողության ոլորտներում դեռևս շատ անելիքներ ունենք կատարելու։
Վստահ և լիահույս եմ, որ Տեսչական մարմինը՝ որպես մեկ միասնական թիմ, շարունակելու է իրեն վերապահված ու վստահված գործառույթներն իրականացնել նույն եռանդով, պատասխանատվության նույն բարձր զգացումով ու նվիրումով, քանզի այդ բոլոր ոլորտներում օրինականություն հաստատելը մեծապես կախված է լինելու բոլորիս պատասխանատու, թիմային ու անաչառ աշխատանքից։
Հարգելի՛ գործընկերներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի կազմավորման վեցամյակի կապակցությամբ և իմ խորհին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ՝ ամենօրյա սրտացավ և պատասխանատու աշխատանքի համար։