Հունիսի 25-ին ՆԳ նախարարության Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով Վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ, որը վարում էր Փրկարար ծառայության տնօրեն–ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
Նիստին մասնակցում էին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը, շահագրգիռ այլ նախարարությունների, գերատեսչությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև փրկարար ծառայողներ։
Նիստում խոսվել է անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանն ու բնությանը հասցվող վնասների, ռիսկերի նվազեցման ու հանրային իրազեկման աշխատանքների մասին։
Անդրադարձ է կատարվել մարդաշատ վայրերում փրկարարների կողմից հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը, Էկոպարեկային ծառայության ստեղծմանը, կարևորվել է շահագրգիռ մարմիններ ու կառույցների հետ համագործակցության ակտիվացումը։
Շահագրգիռ կողմերին առաջարկվել է անցկացնել «Անտառային և բուսածածկ տարածքների հրդեհների մարումը» թեմայով համատեղ ուսումնավարժություններ, ինչը հնարավորություն կտա իրական դեպքերի ժամանակ ապահովել արդյունավետ համագործակցություն։
Անտառներում և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման նպատակով առաջարկվել է առավել ակտիվ աշխատանքներ իրականացնել հանրային իրազեկման միջոցառումների անցկացման ուղղությամբ, մասնավորապես՝ պատրաստել և տարածել հակահրդեհային կանոնների հրահանգավորման պաստառներ, վարքականոնների վերաբերյալ իրազեկման տեսանյութեր։
Նիստի մասնակիցները վերջում ամփոփել են կատարված աշխատանքները, առկա մարտահրավերների լուծման վերաբերյալ ներկայացրել առաջարկներ: