ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն հանդիպում-քննարկում են կազմակերպել՝ նպատակ ունենալով քննարկել urban.e-gov.am թվային հարթակի միջոցով ավարտված շինարարական օբյեկտների շահագործման ընդունման ակտերի թվայնացման գործընթացի կազմակերպումը։
Հանդիպմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը, Կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական Դավիթ Դալլաքյանը, ինչպես նաև «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ տնօրեն Վահագն Մխիթարյանը։ Նրանք մանրամասն ուսումնասիրել են էլեկտրոնային եղանակով շահագործման ընդունման հանձնաժողովի ակտերի (ձև 3-2-1) տրամադրման ամբողջական գործընթացն ու դրա շրջանակներում ներգրավված կառույցների գործառույթները։ Քննարկվել են նաև գործընթացի հաջորդական գործարկմանն առնչվող հարցեր։
Սուրեն Մինասյանը նշել է, որ համակարգի աշխատանքի բարձր որակն առաջնահերթ նշանակություն ունի։ Նա ընդգծել է, որ պետք է ապահովել ոչ միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար տեղեկատվության հասանելիությունը, այլև կառույցի աշխատակիցների իրազեկվածությունը՝ համակարգի առանձնահատկությունների և սպասվող փոփոխությունների վերաբերյալ։
«Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ տնօրեն Վահագն Մխիթարյանը ներկայացրել է համակարգի ծրագրային ապահովման շղթան, որն արդեն պատրաստ է անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման համար։ Նա նաև ներկայացրել է հետագա քայլերի հաջորդականությունն ու հստակեցրել դրանց իրականացման ժամանակացույցը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից սկսած՝ Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացվելու է բացառապես urban.e-gov.am հարթակի միջոցով։