2025թ. փետրվարի 14-ին ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Օրակարգում ներառված էր մեկ տասնյակից ավելի հարց:
Խորհրդակցությանը մասնակցում էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանը և Սուրեն Մինասյանը, ինչպես նաև կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Քննարկվեցին 2025 թվականի հունվար և փետրվար ամիսներին Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում իրականացված ստուգումների, հետազոտությունների և վերահսկողական այլ գործառույթների արդյունքները: Մասնավորապես, զեկուցվեց նախորդ գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը։
ՏՄ ղեկավարին ներկայացվեց ՀՀ ողջ տարածքում շահագործվող բարձր ռիսկայնության օբյեկտներում նորմատիվների պահպանման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները։
Քննարկվեց նաև քաղաքաշինության ոլորտում իրականացված ստուգումների ծրագիրը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով պետական և սուբվենցիոն ծրագրերով տարբեր համայնքներում ընթացող շինարարական աշխատանքների որակի վերահսկողության հարցերին։
Բացի այդ, խորհրդակցության ընթացքում կատարվեց համեմատական վերլուծություն՝ 2024 և 2025 թվականների նույն ժամանակահատվածում բոլոր ոլորտներում իրականացված տարեկան ստուգումների, վերստուգումների և ուսումնասիրությունների արդյունքների միջև։
Խորհրդակցության ավարտին Գարեգին Խաչատրյանը տվեց նոր հանձնարարականներ՝ ուղղված վերահսկողական մեխանիզմների առավել արդյունավետ իրականացմանը և տեսչական գործունեության բարելավմանը։