Գարնան նախաշեմին բացօթյա մանկական ժամանցի և զվարճանքի վայրերում սկսվում են նախապատրաստական աշխատանքները։
Մարդկանց կյանքի և առողջության անվտանգության ապահովման, ինչպես նաև մանկական ժամանցի վայրերում ատրակցիոնների (կարուսելների) անվտանգ շահագործման կարևորությունից ելնելով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Վարազդատ Պոկացյանը։
Պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները մասնակիցներին իրազեկել են կանխարգելիչ միջոցառումների մասին՝ ընդգծելով, որ կարուսելների և արտադրական վտանգավոր օբյեկտների անվտանգ շահագործման համար անհրաժեշտ է նախապես անցկացնել տեխնիկական փորձաքննություն և ստանալ փորձագիտական եզրակացություն։ Այս գործընթացը թույլ կտա հետագայում ապահով շահագործել ատրակցիոնները և խուսափել խիստ վարչարարական միջոցներից։
Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել նման քննարկումները դարձնել շարունակական՝ ոլորտում առկա խնդիրների լուծման և հնարավոր թերությունների վերացման նպատակով։
Հավելենք, որ ՆԳ նախարարությունը, վերահսկող Տեսչական մարմինը և այլ պատասխանատու կառույցներ շարունակելու են համակարգված աշխատանքը՝ հնարավոր ռիսկերն ու վտանգները կանխելու ուղղությամբ։