Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի նախաձեռնությամբ կոմիտեում անցկացվել է աշխատանքային քննարկում՝ շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ։ Քննարկման նպատակն էր դիտարկել քաղաքաշինական գործընթացների բարելավման և ընթացակարգերի պարզեցման հնարավորությունները։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանն ու Վարազդատ Մկրտչյանը, ինչպես նաև այլ պատասխանատուներ։
Քննարկման ընթացքում ընդգծվել է քաղաքաշինական գործընթացների ամբողջ շրջանակի վերլուծության անհրաժեշտությունը՝ սկսած նախագծման թույլտվությունից մինչև փորձաքննությունների իրականացում և ավարտական փաստաթղթերի տրամադրում։ Այս մոտեցումը հնարավորություն կտա պարզեցնել ընթացակարգերը, բացառել կրկնությունները և հստակեցնել դերաբաշխումը։
Հանրապետությունում ընթացող լայնածավալ շինարարական ծրագրերի պայմաններում բարեփոխումների արագ իրականացումը դարձել է առաջնային խնդիր։ Առաջիկա ամիսներին նախատեսվում է ավարտել բազմաթիվ դպրոցների, մանկապարտեզների, մարզական և առողջապահական հաստատությունների կառուցում, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերի և ենթակառուցվածքների շինարարություն։ Այս գործընթացն ուղեկցվում է մեծ ծավալի փաստաթղթավորման անհրաժեշտությամբ, ուստի կարևոր է հստակեցնել ընթացակարգերը և դյուրացնել դրանք՝ անկախ պետական, համայնքային կամ մասնավոր նախագծի բնույթից։
Քննարկման արդյունքում մասնակիցները շեշտել են, որ բարեփոխումները պետք է ոչ միայն նվազեցնեն ավելորդ վարչարարությունը, այլև ապահովեն իրական դրական փոփոխություններ քաղաքաշինական գործունեության մեջ ներգրավված քաղաքացիների համար։ Այդ փոփոխությունները պետք է համադրեն ոլորտի արդի զարգացումներն ու տեխնոլոգիական առաջընթացը՝ միաժամանակ պահպանելով հավասարակշռությունը հնարավոր ռիսկերին դիմակայելու առումով։
Որպես առաջնահերթություն՝ քննարկվել են ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունման հանձնաժողովի ձևավորման, ավարտական փաստաթղթերի ձևակերպման և գույքի նկատմամբ իրավունքի գրանցման գործընթացների բարելավման հարցերը։ Կարևորվել է նաև ՀՀ կառավարության 2015 թ. 596-Ն որոշման մեջ գծային կառույցների վերաբերյալ կարգավորումների կատարելագործման անհրաժեշտությունը։
Հանդիպմանը մասնակից պաշտոնյաները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։ Որոշվել է հարցի քննարկումը կազմակերպել յուրաքանչյուր կառույցի ներսում՝ ըստ ուղղությունների, պարզաբանել գործնականում առաջացող խնդիրները և վերհանել դրանց լուծման տարբերակները։ Վերջնական առաջարկները կամփոփվեն միջգերատեսչական հաջորդ հանդիպման ընթացքում։