2025 թվականի ապրիլի 22-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանի, Արազ Պապիկյանի և ՏՄ Տավուշի տարածքային ստորաբաժանման մասնագետների ուղեկցությամբ, աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում։
Այցի շրջանակում տեսչական մարմնի ղեկավար կազմը տեղում ծանոթացել է մի շարք շինարարական ծրագրերի իրականացման ընթացքին։
Մասնավորապես, ավարտական ակտի դիմումի շրջանակում դիտարկվել է Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 245/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի համալիրը։ Տեղում իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են ճաքեր՝ երկաթբետոնե հեծանների և ծածկերի ուղղությամբ։
ՏՄ ղեկավարը պահանջել է կառուցապատողից ներկայացնել համապատասխան քաղաքաշինական և կատարողական փաստաթղթեր՝ ճաքերի առաջացման պատճառները պարզելու և գնահատելու համար, թե որքանով դրանք կարող են վտանգել շինության ընդհանուր կոնստրուկցիոն անվտանգությունը։
Հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում իրականացնել նաև փորձաքննություններ։ Տեսչական մարմնի ղեկավար կազմը դիտարկել է նաև պետական միջոցներով կառուցվող ընդհանուր օգտագործման «Լեռնային Հայաստան» առողջարան տանող Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի կմ 92+600 հատվածը։
Պարզվել է, որ ճանապարհի աջակողմյան հատվածում իրականացված աշխատանքների հետևանքով վնասվել է հողածածկույթը, ինչի արդյունքում տեղի է ունեցել փլուզում՝ առաջացնելով երթևեկության անվտանգության լուրջ խնդիրներ։ Բացի այդ, նույն հատվածում արձանագրվել է քաղաքացու կողմից իրականացված ապօրինի ցանկապատում։
ՏՄ ղեկավարը հանձնարարել է տարածքային ստորաբաժանմանը գրություն ուղարկել համայնքի ղեկավարին՝ սեղմ ժամկետում կազմակերպելու ցանկապատման ապամոնտաժումը, վերականգնելու ճանապարհի անվտանգությունը և սահմանելու խիստ վերահսկողություն՝ նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով։
Այցի ընթացքում ՏՄ ղեկավարը հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները։ Դրանք գույքագրվել են, և տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ դրանց ուսումնասիրության և լուծման ուղղությամբ։
ՏՄ ղեկավարը մարզային ստորաբաժանման մասնագետներին հանձնարարել է թե՛ պետական, թե՛ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող բոլոր շինարարական աշխատանքների, ինչպես նաև ցանկացած ինքնակամ շինարարության նկատմամբ իրականացնել խիստ վերահսկողություն՝ կիրառելով պատասխանատվության ամենախիստ միջոցները։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակելու է մարզերում վերահսկող գործողությունները՝ նպատակ ունենալով բարձրացնել կառուցապատման որակն ու անվտանգությունը։