2025 թվականի մայիսի 29-30-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանի, Արազ Պապիկյանի, Տավուշի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատար Սամվել Սիմոնյանի և մարզային մասնագետների ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզի Իջևան համայնքի մի շարք բնակավայրերում՝ տեղում ուսումնասիրելու պետական ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը։
Այցի շրջանակում Տեսչական մարմնի ղեկավար կազմն այցելել է Իջևան քաղաքի կենտրոնական այգի, որտեղ մեկնարկել են խորհրդային տարիներին կառուցված լճակի հիմնանորոգման աշխատանքները։ Հաշվի առնելով, որ շինարարական աշխատանքների փուլը նոր է սկսվել՝ շրջայցի ընթացքում կատարվել է ընթացիկ շինաշխատանքների ընդհանուր գնահատում։
Այնուհետև շրջայց և դիտարկում է իրականացվել Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրում կառուցվող կրթահամալիրի շինհրապարակում։ Տեղում արձանագրված թերությունների և խախտումների հանգամանքներից ելնելով՝ ՏՄ ղեկավար Գարեգին Խաչատրյանը մարզային ստորաբաժանման պատասխանատուներին հանձնարարել է իրականացնել ըստ անհրաժեշտության ստուգում՝ շինարարական գործընթացի որակի և անվտանգության չափանիշների պահպանման ապահովման նպատակով։
Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով արձանագրված խախտումները և ղեկավարվելով «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքի 19-րդ հոդվածով՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից հանձնարարավել է քննարկելու շինարարությունն իրականացնող կազմակերպության՝ քաղաքաշինության ոլորտում գործունեություն իրականացնելու, ինչպես նաև տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության՝ համապատասխան լիցենզիայից զրկելու վերաբերյալ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին միջնորդություն ներկայացնելու հարցը։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10