2025 թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ Կառավարությունն ընդունել է «Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» 1347-Ն որոշումը։
Որոշմամբ սահմանվում են ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի (նավթաթորվածքներ, այդ թվում բենզինը և դիզելային վառելիքը) լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները:
▪️Հստակ սահմանվում են՝ ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայան շահագործող անձի կողմից իրականացման ենթակա միջոցառումները,
▪️կայանների նախագծային փաստաթղթերում ներառման ենթակա տեքստային նյութերը,
▪️դրանց կառուցմանը, շահագործմանն ու պահպանմանը, ինչպես նաև՝ վառելիքային համակարգի բաղադրիչներին և տեխնոլոգիական սարքավորումներին ներկայացվող պահանջները,
▪️վառելանյութի առաքմանը և ավտոցիստեռններին ներկայացվող, ինչպես նաև՝ վառելիքի բաշխման պայմանները,
▪️պահեստարաններին, փոխադրման խողովակաշարերին և էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջները:
Արդյունքում կձևավորվի ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների շահագործման հստակ և միասնական համակարգ՝ նպաստելով պետական վերահսկողական գործառույթների կանխատեսելի և արդյունավետ իրականացմանը։ Կարգավորումը կնպաստի նաև խիստ վտանգի աղբյուր հանդիսացող օբյեկտների չկանոնակարգված շահագործումից բխող ռիսկերի նվազեցմանն ու կառավարելի դարձնելուն։
Կառավարության որոշմամբ տրված լուծումները մշակվել են ինչպես ISO և ԵՄ ստանդարտների, եվրոպական մի շարք երկրների, այնպես էլ՝ ԵԱՏՄ երկրների կարգավորումների համադրմամբ:
Հավելենք, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 4 ամիս հետո, որից հետո․
▪️նոր շահագործվող կայանները պետք է համապատասխանեն նոր պահանջներին,
▪️որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նախագծման կամ կառուցապատման փուլում գտնվող լցակայանները պետք է համապատասխանեցվեն նոր պահանջներին,
▪️որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն շահագործվող լցակայանները 1 տարվա ընթացքում պետք է համապատասխանեցվեն նոր պահանջներին։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10