ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Արզնի խճ. 1/2/4 հասցեում՝ «Օռանժ Օիլ» ՍՊԸ-Ի կողմից շահագործվող հեղուկ գազի լցավորման կայանում և Աբովյան համայնք, գ. Բալահովիտ, 1-ին փող., 4/10 1-3 հասցեում՝ «Դ. Բ. Ա.» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանում։
Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում նշված երկու լցակայաններում էլ կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնց համաձայն՝ ընկերությունների գործունեության հասցեներում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի անվտանգության համար։
Ելնելով վերոգրյալից Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից կայացվել են որոշումներ ամբողջությամբ դադարեցնել նշված հասցեներում շահագործվող հեղուկ գազի լցավորման, բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանների գործունեությունները՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Արգելել դրանց շահագործմանն ուղղված որևէ գործողություն, ինչպես նաև դատարկել և չեզոքացնել պահեստարաններում առկա վառելիքը։
Հավելենք նաև, որ Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային ստորաբաժանման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանման մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում նշված լցակայանները կապարակնքվել են՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10