ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2025 թվականի տարեկան գործունեության ծրագրի շրջանակում շարունակաբար իրականացնում է իրազեկման և խորհրդատվության աշխատանքներ՝ ուղղված ոլորտային անվտանգության կանոնների պահպանման և պատասխանատվության միջոցների կիրառման մշակույթի ձևավորմանը։
Նշված ծրագրի շրջանակում Տեսչական մարմնի Տավուշի, Շիրակի և Արագածոտնի տարածքային ստորաբաժանումները՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության, իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի, ինչպես նաև ռիսկի գնահատման և վերլուծության վարչության ներգրավմամբ իրականացրել են իրազեկման աշխատանքներ նշված մարզերի մի շարք դպրոցներում։
Մասնավորապես, միջոցառումներ են անցկացվել ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի «Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում», «Խաշթառակ գյուղի միջնակարգ» և «Դիտավան գյուղի հիմնական» դպրոցներում, ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 10 հիմնական», «Գյումրու թիվ 20 հիմնական» և «Գյումրու թիվ 28 հիմնական» դպրոցներում, ինչպես նաև ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական» և «Ապարանի ֆիզիկամաթեմատիկական ավագ դպրոց» ՊՈԱԿ-ներում։
Տեսչական մարմնի մասնագետները ներկայացրել են հրդեհային անվտանգության հիմնական կանոնները, հրդեհի դեպքում տարհանման պլանի իրականացման ընթացակարգերը և հրշեջ ծառայություն կանչելու կարգը։ Իրազեկման նմանատիպ աշխատանքների իրականացման նպատակն է դպրոցականների շրջանում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ գիտելիքների և հմտությունների ձևավորումը, ինչպես նաև դրանց պահպանման կարևորության գիտակցումը։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը կարևորում է նմանատիպ իրազեկման միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք նպաստում են դպրոցականների և հանրության շրջանում անվտանգ վարքագծի մշակույթի ձևավորմանը և գիտելիքների ամրապնդմանը։ Հրդեհային անվտանգության կանոնների իմացությունն ու դրանց պահպանման նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը հիմք են ստեղծում կանխելու հնարավոր վթարներն ու արտակարգ իրավիճակները՝ ապահովելով երեխաների և ուսումնական հաստատությունների անվտանգությունը։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10