ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ շինարարական հրապարակներում պատշաճ կազմակերպման, կահավորման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ
15 հոկտեմբերի 2025
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, վերջին շրջանում շինարարական հրապարակների պատշաճ կազմակերպման, կահավորման և անվտանգության կանոնների խախտումների վերաբերյալ ստացվող բազմաթիվ ահազանգերի կապակցությամբ, հարկ է համարում ևս մեկ անգամ քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկել շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ․
Շինարարական հրապարակը պետք է ցանկապատվի՝ պահպանական, պաշտպանական կամ ազդանշանային սարքերի, սարքավորումների, գովազդային վահանակների կիրառմամբ։
Պետք է կառուցվեն մոտեցման ճանապարհներ, ձևավորվի պահեստային տնտեսություն, շինարարության կարիքների համար նախատեսվեն անհրաժեշտ ծավալի կենցաղային նշանակության ու կոմունալ տնտեսության ժամանակավոր շինություններ։
Անհրաժեշտ է մշակել և կազմակերպել շինարարական նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստի շինվածքների և սարքավորումների մատակարարման գործընթացին վերաբերող ժամանակավոր ենթակառուցվածքների և մեքենա-մեխանիզմների տեղաբաշխման սխեմա։
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԸ՝ կառուցապատվող օբյեկտի շինարարական հրապարակին կից՝ տեսանելի վայրում պետք է փակցնի տվյալ օբյեկտի շինարարական աշխատանքներին վերաբերող ցուցատախտակ։ Որը պետք է պարունակի՝
կառուցապատման օբյեկտի վերջնական տեսքը նկարագրող գունավոր էսքիզային պատկեր։
ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման համարը և ամսաթիվը։
համաձայնեցված ճարտարապետաշինարարական նախագծի համարը և ամսաթիվը։
շինարարության թույլտվության համարը և ամսաթիվը։
շինարարական աշխատանքների սկիզբը և ավարտը (ամիս և տարեթիվ)
կառուցապատման օբյեկտի մակերեսը, հարկայնությունը և նպատակային նշանակությունը։
կառուցապատողի կամ պատվիրատուի տվյալները։
կառուցապատման օբյեկտի նախագծի հեղինակի տվյալները։
կառուցապատման օբյեկտի շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության տվյալները։
կառուցապատման օբյեկտի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության տվյալները։
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է՝
ապահովել հետիոտնի անվտանգ տեղաշարժի համար անհրաժեշտ ժամանակավոր հարմարություններ, այդ թվում` թեքահարթակներ ունեցող առանձին անցուղի և ժամանակավոր լուսավորություն, եթե կառուցապատումն իրականացվում է փողոցներին հարող հողամասերում, անհրաժեշտության դեպքում՝ տեղադրել ճանապարհային երթևեկության կանոնների լրացուցիչ նշաններ՝ դրանք նախապես համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ
մշտապես մաքուր վիճակում պահել շինհրապարակի մուտքին հարող տարածքը և ժամանակավոր ցանկապատը, բացառել շինարարական հրապարակի ցանկապատից դուրս ցանկացած շինարարական նյութի կուտակումը կամ պահպանումը։
կազմակերպել շինարարական աղբի կանոնավոր տեղափոխման աշխատանքները։
կազմակերպել բեռնատար մեքենաների անվադողերի լվացումը՝ ապահովելու համար բեռնատարների մաքուր ելքը շինհրապարակից փողոց։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հարկ է համարում հիշեցնել և զգուշացնել, որ շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման և անվտանգության տեխնիկայի վերոնշյալ կանոնները չպահպանելու համար, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքի համաձայն՝ նախատեսված է վարչական տույժ՝ տուգանք։
Միաժամանակ Տեսչական մարմինը կառուցապատողներին հորդորում է սեղմ ժամկետներում ապահովել շինհրապարակի պատշաճ կահավորումը՝ համաձայն հաստատված շինարարության կազմակերպման նախագծի, այլապես համապատասխան միջոցառումներ չիրականացնելու դեպքում Տեսչական մարմինը կքննարկի տվյալ կազմակերպության շինարարական գործունեության լիցենզիայի կասեցման վերաբերյալ միջնորդություն ՀՀ քաղաքաշինության կոմիտե ներկայացնելու հարցը։