Հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումը։
ԱԺ պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց աշխատակազմի և նրա ենթակայությամբ գործող տեսչական մարմինների կողմից իրականացված և նախատեսված աշխատանքները։
Նիստի ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը ներկայացրեց Տեսչական մարմնի վերջին վեց տարիների գործունեության համեմատական վերլուծությունը։
Գարեգին Խաչատրյանը ներկայացրեց վերահսկողության իրականացման գործիքակազմը, վարչական պատասխանատվության միջոցների կիրառման մեխանիզմները, ինչպես նաև Տեսչական մարմնի դեմ բերված բողոքների վիճակագրությունը։
Խոսելով արդյունքային ցուցանիշների մասին՝ նա նշեց, որ Տեսչական մարմնի 2023 և 2024 թվականների աշխատանքի ծավալը՝ վերահսկողության բոլոր ուղղություններով, 300-ից մինչև 2100 տոկոսով գերազանցեց նախորդ չորս տարիների ցուցանիշները։
Առանձին անդրադարձ կատարվեց նաև գազալցակայանների և բենզալցակայանների նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքներին․ ներկայացվեցին դադարեցված, կապարակնքված և ապամոնտաժված օբյեկտների թվային տվյալները։
Գարեգին Խաչատրյանը նշեց նաև, որ վերջին տարիներին կատարված օրենսդրական փոփոխությունները զգալիորեն բարելավեցին վերահսկողական գործընթացների արդյունավետությունը՝ նպաստելով ոլորտային անվտանգության մակարդակի բարձրացմանը։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10