ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արարատի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից իրականացվել է հրդեհատեխնիկական հետազոտություն՝ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա գյուղի Մասիս–Ռանչպար խճուղու 7-րդ հասցեում շահագործվող «Էյ-ջի-ջիլ» ՍՊ ընկերությանը պատկանող ավտոգազալցավորման ճնշակայանի, բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի նկատմամբ։
Հետազոտության արդյունքում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների մի շարք խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և քաղաքացիների կյանքի ու առողջության անվտանգության համար։
Ելնելով արձանագրված խախտումներից՝ Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից կայացվել է որոշում դադարեցնել նշված հասցեում գործող ավտոգազալցավորման ճնշակայանի, բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի գործունեությունը՝ մինչև խախտումների ամբողջական վերացումը։
Տեսչական մարմնի Արարատի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից արգելվել է ընկերության աշխատակիցներին և այլ անձանց՝ իրականացնել արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործմանն ուղղված որևէ գործողություն, ինչպես նաև սահմանվել է պարտավորություն դատարկել և չեզոքացնել պահեստավորված վառելիքը։
Նշենք, որ Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության ու Արարատի տարածքային ստորաբաժանման մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում տնտեսավարողը սեփական միջոցներով ապամոնտաժել է լցակայանները։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10